ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Անչվերթ գնացքը

Անչվերթ գնացքը
29.11.2024 | 11:53

Նա չունի կանգառ - շարժվում է անկոչ

քաղաքից քաղաք, երազից երազ, մերժումից մերժում,

ցինկ ցերեկների, գեշ գիշերների միջով է անցնում,

հրադաշտերով մղձավանջների, կիրճերն է հատում

մեղապարտության, թավուտը խղճի

եւ սառցածովը սրտադավության.-

թեպետ ամենուր կիկլոպանման աչքեր են կարմիր,

սուրում է իր ողջ շարժակազմով եւ

խռովքի մինուս էլեկտրալիցքով,-

չի՛ արտացոլվում ոչ մի էկրանի, ոչ մի մատյանում,-

քավության զգոն հրեշտակները թեւում են անհույս նրա ետեւից,

նա հյուսիսածին քամի է ասես, մինչդեռ պոռթկում է

հարավի կրծքից - մի ազատավառ երկրի ուրուից,-

մրրկահանդերձ է, աններդաշնակելի

եւ խաղաղվելու շարժառիթից զուրկ…

Եվ ու՞ր ես էդպես փութում ժրաջան, հեռագնա՜ Քույր,

քեզ սիրով մի տեղ դիմավորելու իղձը թոշնել է

օրվա բռան մեջ,- բայց ո՞վ կհերքի, որ ես խուզարկու էն քամու

ներսում ժամապահ սյուք եմ, որ ուղեկցում է անչու գնացքիդ

եւ քեզ զովաշունչ խոհանք մատուցում

ինքնադատումի տապ նոպաներին.-

աշխարհի տարբեր ծագերին միտված՝ ահա միաձայն

լալ հայրենիքի սաղմոսն ենք հեգում ճանապարհներին,

որ գալարվում են ինքնաբերաբար

կարոտից կարոտ, տեսիլքից տեսիլք

եւ թունելներով տարաբախտության:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

23.11.2024

Դիտվել է՝ 8176

Մեկնաբանություններ